03/04/2023 19:54
ԲԴԽ-ն դիմել է Աննա Վարդապետյանին և Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն դատավորների մասին Նաիրի Հոխիկյանի և Գագիկ Համբարյանի հրապարակումները
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Վերջին օրերին միմյանց հետ առնչություն չունեցող դատական գործերով երկու մասնակիցներ հանդես են եկել երկու առանձին հրապարակումներով, որոնք առերևույթ պարունակել են վիրավորանք և անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Սոցիալական ցանցում դատավորին արատավորող այդ հրապարակումները տարածվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով:
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունված երկու արձանագրային որոշումների հիման վրա դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ Նաիրի Հոխիկյանի և Գագիկ Համբարյանի կողմից արված՝ առերևույթ վիրավորանք պարունակող հրապարակումները:
Խորհուրդը ղեկավարվել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նշված անձանց կողմից կատարված հրապարակումները կարող են որակվել որպես արդարադատության շահերի դեմ ուղղված քայլեր:
Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլորին զերծ մնալ դատավորի նկատմամբ իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու առնչությամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց, ինչպես նաև դատավորներին վիրավորելուց, քանի որ այս արարքները ոչ միայն անընդունելի են, այլ նաև նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, և դրանց կատարման համար սահմանված է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»: