03/04/2023 15:36
«Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի աջակցության». ԱԺ պատգամավորները հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը։
«Առաքելության տեղակայումից հետո չենք ունեցել ոչ լուրջ էսկալացիա, ոչ էլ Ադրբեջանի կողմից առարկայական սադրիչ գործողություններ: Համարում ենք, որ այդ առաքելությունն է զսպող ազդեցություն ունենում մեր հարեւանի սադրիչ գործողությունների վրա»,- ասել է նա։
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի խոսքով՝ Լեհաստանը վաղուց հետեւում է Հայաստանում, մասնավորապես, սահմանին տիրող իրավիճակին եւ մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:
«Կարծում ենք, որ միջանցքը հնարավորինս արագ պետք է վերաբացվի, եւ Հայաստանի ու իր հարեւանի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` լեհ խորհրդարանականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նույնպես Լեհաստանի ուշադրության կենտրոնում է: «Լեհաստանը փորձում է հնարավորինս աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նկատում ենք այն բարեփոխումները, որոնք արդեն իրականացվել են»,- ասել է պատգամավորը:
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր` առանց խաղաղության:
«Մենք չենք տեսնում խաղաղության ձգտման որեւէ նշան Ադրբեջանի կողմից գետնի վրա եւ բանակցություններում»,- ասել է նա եւ հավելել, որ Ադրբեջանը մեծացնում է իր սպառազինությունը, սկսել է շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որը, նրանց պատկերացմամբ, այսօրվա Հայաստանն է: Նրանք պաշտոնական ռազմավարություն են մշակել, թե ինչպես պետք է վերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»:
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը կարեւորել է միջազգային հանրության հասցեական եւ ճիշտ գնահատականների առկայությունը` ընդգծելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը:
Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը: «Մեր տարածաշրջանում ռեալ, գետնի վրա, ռազմավարական առումով, անվտանգության պահպանման, նաեւ հետագա հակամարտությունների կանխարգելման առումով մենք տեսնում ենք այդ ռազմավարական համագործակցությունը»,- ընդգծել է նա:
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է խնդրին` նշելով, որ իր համար բարդ իրավիճակում Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերոջ եւ անվտանգության երաշխավորի աջակցության:
«44-օրյա պատերազմից հետո ոչ մեկ անգամ, փաստացի, ամենաքիչը երեք անգամ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է գործել եւ ունեցել տարածքային առաջխաղացում: Բոլոր այս դեպքերում ՀԱՊԿ-ը չի տվել անգամ քաղաքական գնահատական, որ եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով՝ այս բոլոր դեպքերում ՌԴ-ի կողմից հնչել է բացառապես հայտարարություն, որ ընթանում են բանակցություններ Ադրբեջանի հետ: Արդյունքում Ադրբեջանը շարունակել է մնալ առաջխաղացված դիրքում: