03/04/2023 10:45
Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։
«Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։
Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։
Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները», - Facebook-ում գրել է Մարուքյանը։