03/04/2023 12:14
Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ արձակվեց։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել էին ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»։