04/04/2023 15:51
«Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու». Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականն է պահանջում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի:
Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը։
Նա Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է ՀՀ Ազգային ժողով՝ «պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»։