04/04/2023 10:21
«Ժողովուրդ». ԱԺ-ում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն ինչպե՞ս տարածվեցին համացանցում և սոցիալական կայքերում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։
Մենք գրել էինք, որ վիճաբանությունը եղել է այն բանից հետո, երբ փակ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, հանձին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, խոսել է Հռոմի կոնվենցիայի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց՝ ասելով, թե այս իշխանությունները կրկին փորձանք են բերում: Այս խոսքերին արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարել, թե ՀՅԴ-ն է փորձանք բերել, ինչին հետևել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»:
Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ հարվածել է։
Եվ, ահա, այդ դեպքից ժամեր անց Ազգային ժողովի շենքում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները տարածվեցին համացանցում և սոցիալական կայքերում: Ընդ որում՝ այդ տեսաձայնագրություններն առաջինը տարածել էին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվական կայքերը:
Ուշագրավ է, սակայն, որ ամենաակտիվն այս հարցում եղել է medianews-ը, որի հիմնադիրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, այսինքն՝ նա օգտագործել է իր լծակները՝ այդ տեսանյութերը ունենալու և առաջինը տարածելու համար:
ArmLur.am-ը փորձել էր հենց Տարոն Չախոյանից հասկանալ, թե ինչպես է այդ տեսանյութն առաջինը հայտնվել իրեն պատկանող լրատվամիջոցում, սակայն վերջինս հայտարարեց. «Շատ բան են կապում իմ անվան հետ, դա դեռ չի նշանակում, որ ես կապ ունեմ»։ Իհարկե, նա փորձում է հերքել թե՛ իր կապ ունենալը, թե՛, որպես պաշտոնյա, իր լծակներն օգտագործելով այդ տեսանյութը ստանալու հանգամանքը. փաստերն ինքնին խոսուն են:
Հավելենք, որ այս հարցով Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել՝ հասկանալու համար, թե ինչպես են տեսախցիկների տեսագրությունները տարածվել: Այս մասին մեզ հայտնել էր ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը:
ArmLur.am-ը հետամուտ կլինի այս հանգամանքին՝ պարզելու, թե ՊՊԾ ենթակայությամբ կառավարվող տեսախցիկների նկարահանածը ինչպես հանրային դաշտ մտավ»։