05/04/2023 00:25
Ստուգման պատրվակով ադրբեջանցիները մեքենաներից դուրս են բերել հայ քաղաքացիներին, սպառնալիքներ հնչեցրել, սիրտը վատացած կնոջը փորձել են Շուշի տեղափոխել (Տեսանյութ)
Yerevan Live տելեգրամյան ալիքը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների իրականացրած հերթական սադրանքի մասին․
«Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքն են իրականացրել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տարածքից Արցախ մեկնող քաղաքացիների հանդեպ։
Նրանք փակել են խաղաղապահների ավտոշարասյան ճանապարհը, ստուգման պատրվակով մեքենաներից դուրս բերել հայ քաղաքացիներին և խիստ սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Ադրբեջանցիների այդ գործողությունների հետևանքով հայ կանանցից մեկի սիրտը վատացել է։ Թշնամին փորձել է տեղափոխել նրան Շուշիի բուժկետ, սակայն ռուս խաղաղապահների ջանքերով հաջողվել է ադրբեջանցիներին համոզել՝ կնոջը տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
Ադրբեջանական կողմը համաձայնվել է մեկ պայմանով՝ որպեսզի իրենց շտապ օգնության մեքենայով քաղաքացուն տանեն Ստեփանակերտ։ Արդյունքում կինը Արցախի մայրաքաղաք է տեղափոխվել ադրբեջանական մեքենայով։ Մնացած հայ քաղաքացիների մուտքն Արցախ թույլ չի տրվել, նրանք ստիպված վերադարձել են Գորիս։