05/04/2023 22:31
Հեմոֆիլիա. Հիվանդությունը բնորոշ է միայն տղամարդկանց, իսկ կանայք հանդես են գալիս միայն փոխանցողի դերում
Հեմոֆիլիան հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, որն առաջացնում է արյան մակարդելիության խանգարում և ընթանում արյունահոսություններով:
Երբ վնասվածքի կամ կտրվածքի պատճառով փոքր արյունատար անոթը վնասվում է, արյան որոշ սպիտակուցներ «ակտիվանում են»՝ նպաստելով արյան մակարդվելուն և արյունահոսությունը դադարեցնելուն: Հեմոֆիլիայի ժամանակ բարձրացած արյունահոսության պատճառն արյան մեջ մակարդելիությանը մասնակցող այս հատուկ սպիտակուցների պակասն է, որն առաջացնում է արյան մակարդելիության խանգարում:
Հեմոֆիլիայի դեպքում արյունը նորմալ չի մակարդվում, որը բերում է դժվարությամբ կառավարվող արյունահոսությունների:
Մակարդելիության գործոնների մեծ պակասի կամ դեֆիցիտի ժամանակ ավելի մեծ մտահոգություն են առաջացնում ներքին արյունահոսությունները, որոնք կարող են սկսվել մարմնի ցանկացած շրջանում՝ ծնկերի և այլ խոշոր հոդերի ներսում, ինչպես նաև կենսականորեն կարևոր օրգաններում և հյուսվածքներում՝ առաջացնելով ծանր, երբեմն նաև՝ կյանքին սպառնացող արյան կորուստ:
Հեմոֆիլիայով հիվանդանում են միայն տղաները, քանի որ այն արական սեռի հետ կապված ռեցեսիվ հիվանդություն է: Կանայք կարող են հանդես գալ միայն որպես հիվանդության փոխանցողներ՝ ինչպես իրենց տղա երեխաներին, այնպես էլ աղջիկների միջոցով՝ տղա թոռներին, ծոռներին և մյուս սերունդներին:
Հեմոֆիլիան բնորոշվում է արյան մակարդելիության որոշ գործոնների պակասով, ուստի բուժումը ներառում է այդ գործոնների փոխարինման միջոցառումներ:
Տարբերում են հեմոֆիլիայի A (ամենատարածված տեսակն է), B և C տեսակները։
Որոշ մարդկանց մոտ հեմոֆիլիան ունենում է առավել թեթև, մինչդեռ մյուսների մոտ՝ ավելի ծանր և բարդացած ընթացք:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։