05/04/2023 09:34
«Հրապարակ». Արմեն Փամբուխչյանին նոր պաշտո՞ն են առաջարկել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հունիսի 30-ը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը»,- ասաց ԱԻՆ-ի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ նախարարությունը լուծարվելու է հունիսի 30-ին, և այս պահին նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքի է հաճախում սովորականի պես: Թեև մեր աղբյուրներն ասում են, որ նրան նախարարությունում վաղուց չեն տեսել:
Հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունի Փամբուխչյանը, մեր տեղեկություններով` նրան առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, որքանո՞վ է ճշմարտացի դա: Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի մոտ ընդունված պրակտիկա է դարձել պաշտոնաթողներին իրեն խորհրդական կարգելը, օրինակ` Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյան, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան, երեկ էլ տեղեկացանք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է դարձել Փաշինյանի խորհրդական: Հայկ Կոստանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ մինչև կառուցվածքային այս փոփոխությունը, կառավարությունը 2022-ի ամռանը 1.2 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման, հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմն արդիականացնելու համար: Նախարարի խոսքով՝ գումարի 90 տոկոսը ծախսվել է 2022-ին, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկա, արագ արձագանքման ամենագնացներ, 8 տարածք նորոգվել է»։