05/04/2023 13:20
Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի, գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկելու. Թագուհի Թովմասյան
Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր, ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, նաև սահմանափակեցին խոսքի ազատությունը։
Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին», - ասաց Թովմասյանը։
Պատգամավորն ասաց, որ թարգմանելու և իր միջազգային գործընկերներին է ուղարկելու հանձնաժողովի նիստի սղագրությունը.
«Որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։ Գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ»։