05/04/2023 11:56
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը կբարելավվի
Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում:
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:
ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական եւ իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: