05/04/2023 13:03
ԵԱՏՄ երկրներում իրականացվող թվային նախագծերը կներկայացվեն Մինսկում կայանալիք համաժողովի ընթացքում
Մինսկում կանցկացվի «EADF-2023» եվրասիական թվային 5-րդ համաժողովը, որի ընթացքում կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության երկրներում իրականացվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերը։
««EADF» եվրասիական թվային համաժողովը արժանիորեն դարձել է միջազգային կենտրոնական իրադարձությունը «TIBO» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում։ Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու կորպորատիվ և ազգային թվայնացման նախագծերը, նորարարական մշակումները և թվային վերափոխման ՏՏ լուծումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը։
«EADF-2023» համաժողովը կոչված է նպաստելու միասնական Եվրասիական թվային շուկայական տարածքի փուլային ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային փոխակերպման ազգային ռազմավարությունների ներդաշնակեցմանը:
«EADF-2023» համաժողովին նախատեսվում է քննարկել թվային շուկաների ինտեգրման և ներդաշնակեցման միջազգային փորձը, ԵԱՏՄ ներքին շուկաների թվային փոխակերպման ոլորտային ասպեկտները, տվյալների անդրսահմանային շրջանառության պայմաններում թվային ինքնիշխանության հարցերը և այլ թեմաներ:
«Թվային Եվրասիա, էլեկտրոնային փոխգործակցության և ինտեգրման աճի կետեր» լիագումար նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը և այլոք։