05/04/2023 14:11
Պետք է ապրել խաղաղ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար
Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
«Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ», - ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն:
Լիտվայի խորհրդարանականներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, ասել է. «Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլեւս չեն կրկնվի»: