05/04/2023 21:57
Ճապոնիան ու ՆԱՏՕ-ն գործընկերության նոր ծրագիր են մշակում
Ճապոնիան ու ՆԱՏՕ-ն գործընկերության նոր ծրագիր են մշակում, որի միջոցով Տոկիոն ակնկալում է ամրապնդել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, նշված է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայաշիի հոդվածում, որը տպագրվել է Politico պարբերականում։
«Ճապոնիան ու ՆԱՏՕ-ն անհատական գործընկերության ծրագիր են մշակում, որի միջոցով Ճապոնիան մտադիր է զգալիորեն ամրապնդել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ կիբերանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը տիեզերական գործունեության, առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշված է Ճապոնիայի ԱԳ նախարարի հոդվածում։
Յոսիմասա Հայաշին անդրադարձել է նաև անվտանգության ոլորտին՝ նշելով միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։
«Եվրոպայի անվտանգությունն ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունն այլևս առանձին քննարկման առարկաներ չեն կարող լինել։ Միջազգային անվտանգության ոլորտում այսօրվա բարդ ու դաժան իրավիճակը համախոհ գործընկերներին ստիպում է ակտիվացնել համագործակցությունը։ Այս կարծիքը լայնորեն տարածված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց գործընկերների շրջանում, և վերջին տարվա ընթացքում մեր համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է»,- նշել է նա։
Ճապոնիայի ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության ընթացքում արդեն իսկ ապացուցվել է, թե որքան կարևոր են Ճապոնիայի ու ՆԱՏՕ-ի միջև ձևավորված հարաբերությունները։