05/04/2023 20:48
Լավրովն ու Չավուշօղլուն Թուրքիայում կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ այցի ընթացքում կքննարկվի տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, «ժամացույցների համաժամացում» կանցկացվի Ուկրաինայում, Անդրկովկասում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի շուրջ։
Նշվում է, որ քննարկվելու են նաև Ուկրաինայի հակամարտությանը, «հացահատիկային գործարքին», Սիրիա-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր։
«Նախատեսվում է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիտկային վերականգնման հարցերը»,- նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկագրում։