05/04/2023 09:44
«Ժողովուրդ». Իշխանական վերնախավում որոշված է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունն արտահերթ կերպով չեն լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երևանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին և, հետևաբար, նաև քվորում չեն ապահովի:
Այդ նիստի ժամանակ Լևոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները և նախագահում նաև ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, և ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լևոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչև տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն և սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը»։