05/04/2023 01:09
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված արցախցիները բժիշկների վերահսկողության տակ են։
«Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: