05/04/2023 15:22
«Պատասխանը եղել է համարժեք». Արեն Մկրտչյանը՝ ՔՊ-ականների «անասուն», «լեզուդ կկտրեմ» բառամթերքի մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը կարծում է, որ իր թիմակիցների երեկվա պահվածքը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում եղել է համարժեք։
«Գնահատականս այն է, որ ՄԻՊ-ի թեկնածուն նման բառամթերքով և նման գնահատականներով ԱԺ չպետք է ներկայանա ու իր քաղաքական գնահատականներում պետք է զուսպ լինի, որովհետև նա բոլորի ՄԻՊ-ն է լինելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի՝ հեղափոխության մասին գնահատականը խիստ անընդունելի է համարում:
Հարցին, թե ՔՊ-ականների բառամթերքն ընդունելի համարո՞ւմ է, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Պատասխանը եղել է համարժեք»:
Ճշտող հարցին՝ որքանո՞վ են համարժեք «անասուն», «լեզուդ կկտրեմ», «հելեք տարեք սրան ստեղից» ու նմանատիպ արտահայտությունները, Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Էդգար Ղազարյանի վիրավորանքը հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ստացել է համարժեք պատասխան: Դետալների մեջ առաջարկում եմ չխորանալ, որովհետև նիստի ամբողջ ընթացքին հետևել ենք բոլորս»: