06/04/2023 22:06
Ի՞նչ է ծուռվզությունը և ո՞ր տարիքում է ախտորոշվում
Ծուռվզություն են անվանում ձեռքբերովի և բնածին հիվանդությունների մի ամբողջ խումբ: Հիմնական ախտանիշներն են գլխի սխալ դիրքն ու պարանոցի դեֆորմացիաները:
Հանդիպում է նաև բնածին մկանային ծուռվզություն, որի պատճառը պերինատալ շրջանի վնասվածքներն ու մկանի բորբոքային պրոցեսներն են: Հիվանդությունը բավական անսովոր է արտահայտվում, գլուխը անընդհատ մի կողմ է թեքված:
Այս ամենը ողնաշարի պարանոցային հատվածի սահմանափակ շարժունության հետևանք է: Հանդիպում են նաև ծանր դեպքեր` ուսագոտու, ողնաշարի, գանգի դեֆորմացիաներ: Տարածվածությամբ այս հիվանդությանը զիջում են միայն բնածին ծուռթաթությունն ու կոնքի հոդախախտը:
Նորածինների մոտ ծուռվզությունը կարելի է հայտնաբերել պալպցիայի միջոցով: Պաթոլոգիան արտահայտվում է տարբեր կերպ. շոշափելիս հայտնաբերվում է ինֆիլտրատ կամ պնդացում, կրծոսկրաանրակապտկաձևային մկանի կարճացում, նույն մկանի պնդացում:
Ավելի հաճախ հիվանդությունն ախտորոշվում է վաղ շրջանում. մեկ երկու շաբաթ անց հայտնաբերվում է պնդացում մկանի միջին կամ ստորին երրորդականում: Այն աստիճանաբար մեծացնում է չափերը, և մաքսիմումի է հասնում մեկ մեկուկես ամսից:
Քանի որ փոքրիկը գլուխը սկսում է պահել 2-3 ամսեկանում, առաջին նշանները հայտնվում են հենց այդ տարիքում:Երեխան խնդիրներ է ունենում գլուխը պտտելու, այնուհետև այն ուղղելու հետ:
Կան բուժման վիրահատական և կոնսերվատիվ միջոցներ: Ինչպես միշտ, կարևոր է բուժումը վաղ սկսելը: Համաձայն վիճակագրության՝ վերականգնել մկանի ֆունկցիան հաջողվում է 75-80% դեպքերում:
Երեխան պետք է պարբերաբար կատարի որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են վերականգնել և պահպանել մկանի երկարությունը: Վարժությունները կարելի է համադրել մերսման և ֆիզիոթերապիայի հետ, որոնք լավացնում են արյունամատակարարումը և պայքարում սպիի դեմ:
Եթե կոնսերվատիվ մեթոդները անարդյունավետ են, կատարվում է վիրահատություն: Այն կատարում են 5-7 տարեկանում: Վիրահատությունից հետո պարանոցն ու գլուխը ֆիքսվում են գիպսային վիրակապով, որն անհրաժեշտ է կրել 30 օրվա ընթացքում:
Այնուհետև հիվանդն անցնում է վերականգնողական կուրս, որը նվազեցնում է սպիերի առաջացման վտանգը, օգնում գլխին ճիշտ դիրք ընդունել, վերականգնել պարանոցի առողջ հատվածի տոնուսը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։