06/04/2023 11:05
Համարում եմ, որ հարցն այլևս փակված է, և չի լինելու որևէ պրոցես․ Բաբայանը Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու միջադեպի մասին
Համարում եմ, որ հարցն այլևս փակված է, և չի լինելու որևէ պրոցես, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին։
«Կանադահայ Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքագիծ դրսևորելուց հետո անցել է արդեն երեք օր: Այդ երեք օրերի ընթացքում որևէ իրավակա-քաղաքական պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել (դեռ միայն մեկնարկի իմաստով) ստուգելու Ալենի գործողությունների իրավաչափությունը: Այդպիսի գործընթաց իրավական և ժողովրդավարական պետությունում պետք է մեկնարկած լիներ առնվազն դեպքի հաջորդ օրը:
Հետևաբար, համարում եմ, որ հարցը, իրավականության և ժողովրդավարության լույսի ներքո, այլևս փակված է, և չի լինելու որևէ պրոցես: Սա նշանակում է, որ հետագա ցանկացած զարգացում այս հարցով, որը կճանաչի Ալենի գործողությունները ոչ իրավաչափ և հակաբարոյական, չի լինելու օբյեկտիվ և չի ծառայելու ազնիվ նպատակի: Հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու են ընդամենը ներթիմային և ներսում իշխանություն ունենալ-պահելու կալիբրների կռիվ և վերադասավորումներ: Այսինքն՝ ցանկացած սցենարի դեպքում, բացառապես պայմանավորված կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերով», - նշել է Բաբայանը: