06/04/2023 18:49
Արցախը հայերից դատարկելու ցանկություն Ադրբեջանը միշտ է ունեցել, բայց 2018-ից հետո նրանց տրվեց այդ հնարավորությունը․ Մետաքսե Հակոբյան
Նմանատիպ բաները սպասելի են, Արցախը հայերից դատարկելու ցանկություն Ադրբեջանը միշտ է ունեցել, 1990-ականների պատերազմից հետո առ այսօր կա այդ ցանկությունը, սակայն 2018-ից հետո նրանց տրվեց այդ հնարավորությունը, և նրանց ձեռքերը հիմա ազատ են, Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանցիների կողմից իրականացված հերթական սադրանքին:
«Ադրբեջանցիներն ունեն մեկ նպատակ. դեկտեմբերի 12-ին հայտարարում էին, որ բնապահպանական խնդիրներով է պայմանավորված Արցախի շրջափակումը, հիմա նույնիսկ չեն էլ թաքցնում, որ օրակարգում չկա բնապահպանական որևէ հարց, այլ հաստատում են, որ «էկոակիտիվստները» հենց քաղաքական հարցերը լուծելու համար են։ Ադրբեջանի իշխանությունների սցենարով գրված շարունակությունն է, որն իրականացնում են։ Կանանց Արցախ չթողնելուց մի քանի ժամ առաջ Բայրամովը հայտարարել էր, որ իրենք հաստատակամ են իրենց որոշման մեջ, օրակարգում այդ հարցը լուրջ է, կարևոր է, իրենք գնում են դեպի «ինտեգրում» և չեն շեղվելու այդ օրակարգից։ Ժամեր հետո տեղի է ունենում նման միջադեպ: Ցավոք սրտի, մեր հիշողությունը կարճ է, բայց հունվարին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, նորից Արցախ էին գալիս անչափահաս երեխաները, և այդ «էկոակտիվիստները» նույն վայրենի գործողություններն էին արել, ինչի հետևանքով երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։ Այն ժամանակ իբրև թե խնդիրը բնապահպանական էր և շատ արագ թույլ էին տվել, որ մեքենաները անցնեն Ստեփանակերտ, որտեղ երեխաներին բուժօգնությունը էր ցույց տրվել։ Այս անգամ սա այն քաղաքականությունն էր, որի ուղղությամբ իրենք հաստատակամ գնում են»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց ազդարարած «ինտեգրման» փուլով հաստատակամ գնում են, ինչին չեն հակազդում ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Արցախի իշխանությունները.
«Այդ ամենն Ադրբեջանին հնարավորություն է տալիս ավելի ազատ զգալու և անելու այն, ինչը ծրագրավորել են»:
Անդրադառնալով ադրբեջանական շտապօգնության մեքենայի՝ Ստեփանակերտ մտնելուն, պատգամավորն ասել է, որ արցախցիների մոտ ընդանրապես վախ չի եղել, նույնիսկ զայրույթ է եղել.
«Շատ քաղաքացիներ ինձ տեսնելիս ասում են՝ ինչո՞ւ մեզ չէիք տեղեկացրել, մենք դուրս կգայինք, թույլ չէինք տա։ Եթե իշխանությունները ոչինչ չեն անում, ապա մենք կանենք դա, չէինք տա այդ հնարավորությունը, որ նրանք մտնեն Ստեփանակերտ։ Բայց մեզ համար էլ է անակնկալ եղել, իմացել ենք տելեգրամյան ալիքներից, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ Մարդիկ քննարկում են իշխանություններին, որ եթե չլինեին նման իշխանություններ, ապա մենք այս իրավիճակում չէինք լինի, և ադրբեջանցին հաստատ չէր կարողանա մտնել Ստեփանակերտ։ Որևէ վախ ես չեմ նկատել ո՛չ կանանց, ոչ էլ, հատկապես, տղամարդկանց մոտ, սակայն այդ զայրույթը, թե ինչու պիտի ունենային այդ հնարավորությունը ադրբեջանցիները՝ Արցախ մուտք գործելու, այդ նույն զայրույթը կա իշխանավորների նկատմամբ»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Նա ընդգծել է՝ դեռ չգիտենք, թե հաջորդիվ ինչ են պլանավորել ադրբեջանցիները կամ ինչ կերպ կլինի վերաբերմունքը Արցախից գնացողների նկատմամբ.
«Քանի դեռ նրանց չեն հետաքրքրում գնացողների մասին տեղեկությունները, իրենք ուղղակի թույլ են տալիս։ Դրանով ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ մարդիկ ազատ են գնալու համար, բայց հետ գալու՝ ոչ։ Արցախից հայերին դատարկելու խնդիր է»,- այսպես է կարծում պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանը շեշտել է՝ վաղուց են փաստել, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների ոչ հայանպաստ քաղաքականության հետևանքով և, ինչը ոչ պակաս կարևոր է, Արցախի Հանրապետության իշխանության լռությամբ.
«Չհակադրվելով Հայաստանի իշխանությունների՝ իրականությունը չբարձրաձայնելու քաղաքականությանը, փաստացի ստեղծվում է Ադրբեջանի համար թողտվության դաշտ, ու ազատում են Ադրբեջանի ձեռքերը»,- նշել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ այն իշխանությունները, որոնք պատրաստ չեն գործել հանուն հայրենիքի, պետք է հեռանան, որպեսզի ազգային մտածողությամբ ուժերը, որոնց գերակա շահը հայրենիքի փրկությունն է, իրենց վրա վերցնեն այդ ծանր պատասխանատվությունը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում