06/04/2023 11:13
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում է մնալ դադարեցված։ Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները ու դրանք առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողություները՝ Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար»,- ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում ու Հայաստանը պետք է շարունակի սրանից բխող միջազգային, դիվանագիտական ջանքերը։