06/04/2023 16:34
Հնչեցրեք հրապարակային գնահատական` Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ. Թովմասյանը՝ միջազգային գործընկերներին
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղեւորվել են դեպի Ստեփանակերտ: Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալներն արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը: Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ն ուշաթափվել են: Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս քաղաքացիական անձինք՝ 23 հոգի, վերադարձել են Գորիս:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի եւ հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ եւ հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ: Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներից պահանջել Է հրատապ արձագանք եւ հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը: Միաժամանակ խնդրել է կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ: