06/04/2023 11:50
Ապօրինի գույքի բռնագանձման թեման չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին. մեզ համար ոչ մի տարբերություն չկա՝ երեկ է տեղի ունեցել, թե այսօր. Նիկոլ Փաշինյան
Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշեց՝ հույս ունի, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։
«Սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է ապօրինի գույքի ու հարկերից խուսափելու թեման. դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է ու այսպես շարունակ։ Իհարկե, բաներ կան, որ անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ այս ամենը չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին։
«Մեզ համար ոչ մի տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում, մեր խնդիրն է ապահովել, որ վաղն այդ նույն բանը տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։