06/04/2023 15:07
«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» ո՛չ կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
«Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա չի կարծում, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»։
ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացվեց, երբ նրա մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Կասկադում։
Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։
Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։