06/04/2023 13:00
Հայաստանում մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ Հաայստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով։