06/04/2023 19:02
Մենք Ադրբեջանի դեմ աշխարհից սպասում կամ պահանջում ենք իրավական, քաղաքական գնահատականներ, պատժամիջոցներ, իսկ նրանք սահուն կերպով գրավում են Արցախն ու Հայաստանը․ Կամո Աթայան
Ովքեր հետևում են 2020-ի նոյեմբերի 9-ից հետո արցախա-ադրբեջանաթուրքական գործընթացներին, հավանաբար նկատած կլինեն աչք ծակող մի իրողություն՝ հայկական կողմն անընդհատ խաղաղություն է մուրում և աշխարհից պահանջում է իրավական, բարոյական գնահատականներ ցեղասպան ու ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, իսկ թշնամի սիամական զույգն իր սև գործն է առաջ տանում՝ անընդհատ քերելով Արցախի մնացյալ ծվենները և ՀՀ սուվերեն տարածքը…
Ո՞րն է ճիշտ քայլը նման իրավիճակում, որն այդպես էլ հայկական կողմը չի կատարում, հավանաբար, գտնվելով վախվորված վիճակում և կարծելով, որ դա կրկին պատերազմի առիթ կդառնա…
Ըստ ամենայնի, ճիշտը նման իրավիճակում բոլորին հայտնի ճշմարտությունն է, որի համաձայն թշնամու հետ իր մեթոդներով, գործելակերպով ու գործիքակազմով պետք է վարվել: Հակառակ դեպքում ստացվում է, որ շրջափակված Արցախի շուրջ օղակն ավելի ու ավելի է սեղմվում, և առ այս պահը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներն ավելի են մեծանում, ու դա կատարվում է տխրահռչակ նոյեմբերյան հայտարարությունից հետո՝ այն ստորագրողներից երկուսի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի աչքի առաջ…
Նկատենք նաև, որ այսպես կոչված խաղաղության շրջանում Արցախում՝ թուրքերի վերցրած տարածքները գերստրատեգիական նշանակության են…
Հայաստանի մասով նկատելի ու շոշափելի է Սյունիքի հայապահպան ու հակաթուրանական բնական պատնեշի լայնության նվազումը, որի համար թշնամի տանդեմն անընդհատ գործում է, և բավական է անցած սեպտեմբերի նման մի քանի անպատասխան գործողություն, ու կիրականանա Նախիջևանի հետ Ադրբեջանի միացումը և Թուրքիայի հիմնական նպատակը՝ թուրանի ստեղծումը՝ ցամաքային կապով թուրքական աշխարհի միավորումը:
Իսկ մենք կշարունակենք խաղաղություն մուրալ և դատապարտման ակտեր ու բարոյական գնահատականներ ակնկալել «քաղաքակիրթ աշխարհից» …
Վաղուց արդեն ժամանակն է հասունանալ և վերջապես հասկանալ, որ անհրաժեշտ է հայկական պետությունը նախապատրաստել տևական պայքարի, մի արասցե՝ միգուցե նաև պատերազմի…
Դատարկախոսության ժամանակներն անցել են, աշխարհում հերթական «ուրվականն» է շրջում, ու թույլ պետականությունները և ժողովուրդները այդ յուրատիպ «սև խոռոչի» կողմից կկլանվեն՝ փաստելով աշխարհում հաստատվող նոր քաղաքական վտանգավոր ճարտարապետության իրողությունը…
Այնպես որ, Ադրբեջանը ոչ թե գործելակերպ է փոխել, այլ իագրեսիվ ռազմական քայլերի, դիվանագիտության և էներգակիրների վաճառքի իր որդեգրած ռազմավարությունն ու մարտավարությունը ներդաշնակ, հետևողականորեն , անարգել ու անպատիժ առաջ է մղում՝ ի տարբերություն մեզ…
Կամո Աթայան
06.04.23թ.