06/04/2023 17:48
Սերգեյ Մարտիրոսյանը, որպես Արցախի ԱԽ քարտուղարի տեղակալ, զբաղվում է նաև Արցախի ԱԽ գրասենյակի և ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով․ հայտարարություն
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդված, որի սկզբնաղբյուրը «Հրապարակ» օրաթերթն է։ Հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ իրականության հետ կապ չունեն, հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը։
«Օրինակ՝ «Որոշ տեղեկություններով՝ ազատման (Սերգեյ Մարտիրոսյանի – ԱԽ գրասենյակ) պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, և որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից»։
Այս առիթով տեղեկացնում ենք հետևյալը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սերգեյ Միքայելի Մարտիրոսյանը 2023 թվականի մարտի 29-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Համապատասխան տեղեկատվությունը 2023 թվականի մարտի 30-ին տեղադրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքէջում։
Սերգեյ Մարտիրոսյանը, որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, զբաղվում է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով։
Անդրադառնալով Սերգեյ Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ու այլ անձանց հետ փոխհարաբերությունների և անձնական տվյալների վերաբերյալ պնդումներին՝ լրատվական միջոցներին կոչ ենք անում խստորեն պահպանել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներն ու էթիկայի կանոնները։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք նաև՝ պահպանել հանրությանը ստույգ լուրեր մատուցելու սկզբունքը և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչով նաև կչեզոքացվի հակառակորդի կողմից նմանօրինակ կեղծիքների օգտագործման հնարավորությունը»,- նշված է Արցախի նվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում։