06/04/2023 22:58
ՊՆ-ն չի հերքում, որ Սուրեն Պապիկյանը հրամանատարական կազմին արգելել է օգտագործել «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը․ «Փաստինֆո»
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքում, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ ստորաբաժանումների հրամանատարական կազմին հրահանգել է «Արցախի Հանրապետություն» ձևակերպման փոխարեն գործածել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, գրում է «Փաստինֆո»-ն։
Լրատվամիջոցը մարտի 22-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել է հաստատել կամ հերքել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Եւ պարզվել է, որ ՊՆ-ն չի հերքում այն։
Հարցման 4-րդ աշխատանքային օրը ստացվել է Պպաշտպանության նախարարության պատասխան նամակը, որով ժամանակ են ուզել, այսպես կոչված, ուսումնասիրությունների համար. «Ձեր հարցմանն ի պատասխան ՝ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ Ըստ այդմ՝ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։
Օրենսդրությունը նախատեսում է 30 աշխատանքային օրվա ժամկետ։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» ձևակերպման գործածումը։
«Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է. «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»»,- նշվել էր մամուլում։