06/04/2023 18:37
Բելառուսին ռուսական միջուկային զինամթերք տրամադրելու ժամկետը կորոշեն Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն․ Բելառուսի ԱԽ քարտուղար
Բելառուսին ռուսական միջուկային զինամթերք մատակարարելու ժամկետը կորոշեն Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ժամկետի մասին որոշումը Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարն ու Բելառուսի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է կայացնեն»,- Վոլֆովիչի խոսքերն է մեջբերել БелТА-ն։
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարը նշել է նաև, որ կարևորը ոչ թե մատակարարվող զինամթերքի քանակն է, այլ դրա կիրառման հարցը։
«Կարևորն այն է, թե ինչպես դրանք ճիշտ կիրառել, իսկ մենք գիտենք, թե ինչպես է պետք կիրառել, բայց հարկ կլինի՞ արդյոք կիրառել։ Կարծում եմ՝ բանը չի հասնի դրան։ Այնուամենայնիվ, մարտագլխիկներն ու մարտավարական ու ռազմավարական միջուկային մյուս զինամթերքները առաջին հերթին կանխարգելիչ նշանակության համար են, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրաձայնում Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն էլ իր հերթին է իր դաշնակից երկրների տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայում, «այնպես որ Բելառուսի խնդրանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա»։