06/04/2023 16:18
Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա՝ կազմելով 4,22 %
Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ն Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թ.-ի ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ մասնաբաժինը կազմում է 0,007%։
Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, և յուրաքանչյուր վճարված բաժնետոմսը համապատասխանում է մեկ ձայնի։ Հաշվի առնելով իրականացված ծրագրերը՝ ներկայումս ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը կազմում է 13,4 մլրդ ԱՄՆ դոլար, որից 484,2 մլն ԱՄՆ դոլարը 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է ՀՀ-ին:
Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ կողմից 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %: