06/04/2023 18:25
Միջուկային զենք ունեցող երկրները չպետք է այն տեղակայեն իրենց երկրների սահմաններից դուրս․ Մակրոն
Ֆրանսիան դեմ է միջուկային զենքի տեղակայմանը այն տիրապետող երկրների սահմաններից դուրս և կարևոր է համարում, որ բացառվի միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Ուկրաինայում ընթացող հակամարտությունում, Պեկինում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան կիսում է Չինաստանի դիրքորոշումը, որ միջուկային զենքի կիրառումն այս կոնֆլիկտում պետք է բացառվի։ Դա պահանջում է պահպանել այս ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերը։ Ինչպես նաև ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք տեղակայվի այն երկրների սահմաններից դուրս, որոնք տիրապետում են միջուկային զենքի, հատկապես Եվրոպայում»,- ասել է Մակրոնը։
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը հիշատակել է Ռուսաստանի նախագահի որոշումը՝ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին՝ նշելով․ «այդ քայլը չի բխում Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից ու չի համապատասխանում միջազգային իրավունքին»։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նա նշել է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրաձայնում Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն էլ իր հերթին է իր դաշնակից երկրների տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայում, «այնպես որ Բելառուսի խնդրանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա»։