06/04/2023 21:11
«Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելն ավելի էժան կնստի, քան նրան մշտապես ռազմական օգնություն տրամադրելը»․ Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել Ուկրաինային դաշինք հրավիրելու մասին
Վիլնյուսում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիժամանակ Ուկրաինային պետք է պաշտոնապես հրավիրել միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին՝ որպես դրա լիիրավ անդամ, նշված է Լիտվայի Սեյմի կողմից միաձայն քվեարկությամբ ընդունված բանաձևում։
«Գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային պետք է հրավիրել՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ստորագրել անդամակցության մասին արձանագրություններն ու, երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, սկսել դրանց վավերացումը»,- նշված է փաստաթղթում։
Լիտվայի Սեյմի միջազգային հարցրով հանձնաժողովի նախագահ Զիգիմանտաս Պավիլիոնիսն իր հերթին նշել է, որ Լիտվան դեմ է «գորշ գոտիների» պահպանմանը։
«Պետք է մերժենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վրա վետո դնելու իրավունք ունի։ Դա ավելի կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքն ու կամրապնդի մեր անվտանգությունը»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելն «ավելի էժան կնստի, քան նրան մշտապես ռազմական օգնություն տրամադրելը»։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում նախատեսված է անցկացնել հուլիսի 11-12-ը։