06/04/2023 20:57
«Պատմությունը կդատի՝ ում մոտեցումն էր իրականում ճիշտ և արդարացի»․ Չինաստանը պատասխանել է ՆԱՏՕ-ին
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատվություն կրեն ուկրաինական ճգնաժամի համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանն, ըստ որի Չինաստանի համար անհետևանք չի մնա Ռուսաստանին զենք մատակարարելը։
«Եթե խոսենք ուկրաինական խնդրի համար պատասխանատվության մասին, ապա այն պետք է իրենց վրա վերցնեն ԱՄՆ-ն ու ռազմական այնպիսի դաշինք, ինչպիսին է ՆԱՏՕ-ն։ Հյուսիսատլանտյան դաշինքը չունի անհրաժեշտ կարգավիճակ՝ Չինաստանին ինչ-որ բանում մեղադրելու կամ նրա նկատմամբ ճնշում բանեցնելու համար»,- ասել է նա։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանն ի սկզբանե հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին։
«Արդյունքում պատմությունը կդատի՝ ով էր իրականում արդարացի ու ճիշտ մոտեցում որդեգրել»,- ասել է դիվանագետը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանը լուրջ հետևանքներ կկրի՝ Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում։ Ստոլտենբերգը նաև մտահոգություն էր հայտնել ռուս-չինական կապերի ամրապնդման առնչությամբ։