06/04/2023 10:19
«Հրապարակ». Ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստիննե Գրիգորյանը և ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին և այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձևավորված չէ։ Մեր հարցին, թե ձևավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք և այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռևս չի ձևավորվել, իսկ թե երբ է ձևավորվելու՝ գրավոր հարցում ուզեցին։
Նշենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, և հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։
Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այդ օրերին մեր հարցին, թե արդյոք ի՞նքն է նշանակվելու, Գրիգորյանը չպատասխանեց՝ խոստանալով հարցազրույց տալ։ Մի բան պարզ է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։
Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Այսինքն, այս ծառայությունը դեռևս 3 տարի կարող է չձևավորվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստիննե Գրիգորյանը, և ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, և սույն կառույցը ձևավորվի»։