06/04/2023 09:39
«Փաստ». Երևանի ավագանու սպասվող ընտրությունները ևս զերծ չեն լինի «աշխարհաքաղաքական» կոնտեքստից
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ ինտենսիվ «արտաքին» շփումների մեջ են՝ փորձելով որոշակիորեն դիրքավորվել նաև այդ «դաշտում»: Ինչպես երևում է, Երևանի ավագանու սպասվող ընտրությունները ևս զերծ չեն լինի նշյալ «աշխարհաքաղաքական» կոնտեքստից:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի հավանական «առաջին համար», այսինքն՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը դիրքավորվում է, այսպես կոչված, արևմտյան, այդ թվում, մասնավորաբար, «ֆրանսիական» գծում: Բանն այն է, որ Ֆրանսիան տարբեր ասպեկտներով ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, այս պարագայում՝ նաև Երևանի ապագա իշխանության միջոցով: Կան տեղեկություններ, որ Մանե Թանդիլյանի՝ «ֆրանսիական թեկնածու» լինելու հարցում որոշակիորեն շահագրգռված է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Դիվանագիտական շրջանակներում նույնիսկ կատակում են, թե կին քաղաքապետն ուզում է Երևանում էլ կին քաղաքապետ տեսնել: Ի դեպ, այս տեսակետից ուշագրավ է, որ Թանդիլյանի վերջին հանդիպումները տեղավորվում են հենց «արևմտյան» թեմայի մեջ: Ի մասնավորի, վերջերս նա Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ»։