06/04/2023 14:47
Ադրբեջանցիների վերջին գործողություններն արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է. Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների վերջին գործողությունները արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է։
«Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը Ադրբեջանի իշխանությունները վարում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ սկսած դեկտեբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը։ Այո, սա էթնիկ զտման տարրեր է պարունակում ԼՂ հայության նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խանդանյանն ասաց, թե այս հարցը բարձրացնում են միջազգային բոլոր գործընկերների մոտ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը խախտել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ։
Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը, ինչի հետևանքով քաղաքացիները այդ հատվածում էին մնացել շուրջ 5 ժամ։
Ադրբեջանցիները ներխուժել էին սպասող մեքենաներից մեկը, ինչի հետևանքով քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ը ուշաթափվել էին։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից։