06/04/2023 16:07
Մեր տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է նրան, որ հայկական բիզնեսը գրավի նոր շուկաներ. Վահան Քերոբյան
Ապրիլի 6-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» համաժողովին, որը կազմակերպվել էր Հայ գործարարների ասոցիացիայի և ՍԴԷԿ ընկերությունների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքներով զբաղվող շուրջ 150 ընկերությունների ներկայացվել են արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։
«Մեր տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է նրան, որ հայկական բիզնեսը ոչ միայն արտահանի, այլև մասնաճյուղեր բացի, գրավի նոր շուկաներ։ Այս առումով Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որի ներքո ընկերությունները կարող են ձեռք բերել նոր սարքվորումներ, իսկ Կառավարությունը կսուբսիդավորի տոկոսների զգալի մասը», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ փոփոխություններ են նախաձեռնել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնք վերաբերում են փոքր արտահանումների մաքսավճարների վերացմանը։