07/04/2023 18:36
Թվային ապագայի հնարավորություններն ու մարտահրավերները. Ամերիաբանկը՝ Doing Digital Forum-ի համակազմակերպիչ
Ապրիլի 5-ին կայացած Doing Digital Forum-ին ներկա էին մարդիկ, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ, այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափեր, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլք:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու բիզնեսի թվային տրանսֆորմացիայի ժամանակակից մոտեցումներին և գաղափարներին, լսելու ոլորտի առաջատարների մեկնաբանություններն ու կիսելու վերջիններիս անցած ճանապարհն ու կուտակած փորձը։
Դիտարկելով առաջնորդների դերը տրանսֆորմացիայի վարման գործում, իրենց ելույթներով ներկայացան գործարարներ՝ Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։
Իրենց ողջույնի խոսքով և թվային բարեփոխումների տեսլականով ելույթ ունեցան ՀՀ փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը և ոլորտի այլ փորձառու գործիչներ։
Լրագրողների հետ հարցուպատասխանի շրջանակում Doing Digital հարթակի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր, հաղորդակցություների և միջազգային նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանն, անդրադառնալով Doing Digital Forum-ի գլխավոր նպատակին, նշեց.
«Ֆորումի կազմակերպման գլխավոր նպատակն է համախմբել էկոհամակարգը և Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ինովացիոն և նորարար տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ թվային փոխակերպումների հարթակ։ Հայաստանում ոչ թե թվային բարեփոխումներ տեղի չեն ունենում և ֆորումի կազմակերպումը դրան է ուղղված, այլ հենց հակառակը՝ հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն աշխատանքների, փորձի մասին, որոնք ունեն ընկեությունները, հասկանալ ինչ խնդիրներ կան և բերել միջազգային փորձը»,- ասաց համահիմնադիրը։
Doing Digital Forum-ի համակազմակերպիչը ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկն է։ Նման համագործակցությունը պատահական չէ. Ամերիան Հայաստանում առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական կառույց է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից ՝ հաճախորդակենտրոն լուծումների հարուստ փորձառությամբ:
Իր ողջույնի խոսքում, Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը կարևորեց այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում ունենք տաղանդներ, մեծ կապիտալ և ներուժ, որոնք դառնում են ամուր հենք՝ շարժվելու դեպի տեխնոլոգիաների և նորարարության նոր թվանշային ուղղությամբ.
«Փոխակերպումը սկսվում է «ինչու՞» հարցի պատասխանը գտնելով. Ես հպարտորեն եմ նշում, որ Ամերիաբանկը մշտապես շարունակական փոփոխման և բարեփոխումների փուլում է գտնվում։ Որպես առաջամարտիկ մենք վերստեղծել ենք նոր գաղափարներ, ֆինանսական վստահելի միջավայր՝ հետապնդելով մեր մեծ առաքելությունը ՝ բարելավել կյանքի որակն ու Հայաստանը դարձնել կայուն և վստահելի ֆինանսական դաշտ»,- ասաց տնօրենը։
Ամերիան Հայաստանում առաջինն է ստեղծել էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Sme.ameriabank.am:
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, խոսելով թվային փոխակերպման ուղիների մասին՝ կարևորեց.
«Ամերիաբանկը արդեն գտնվում է թվային փոխակերպման ընթացքում և սա մեզ համար հնարավորություն է՝ ներկայացնելու մեր փորձը, քաղած դասերը և հանրամատչելի դարձնելու թվային փոխակերպումը Հայաստանում»,- ասաց Արտյոմ Շամցյանը։
Նա թվային բարեփոխումներ իրականցնող բոլոր ընկերություններին խորհուրդ տվեց առաջին հերթին ճշգրիտ մշակել համապատասխան գործիքակազմ, որպեսզի փոխակերպումների ընթացքը չվնասի ընթացիկ կատարվող աշխատանքներին։
Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր, ով տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում:
Ֆինանսական տեխնոլոգիաների անկախ մեկնաբանն անդրադարձավ այն կարևորագույն հարցերին և գործիքակազմին, որոնք կարելի է ծառայեցնել բիզնեսի աճին և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության։
«Թվային փոխակերպումն առաջին հերթին մարդու ու նրա աշխարհայացքի, մտածողության փոփոխության մասին է, ապա նոր միայն կիրառվող տարբեր տեխնոլոգիաների»,- վստահ է միջազգային փորձագետը:
Քրիս Սքիները լրագրողների հետ զրույցում թեև նշեց, որ Հայաստանի թվային բարեփոխումների փորձագետ չէ, սակայն նկատեց, որ տարբեր ոլորտների համեմատության մեջ Հայաստանում այս առումով կաղում է առողջապահական ոլորտը, այն ունի բարեփոխումների լիարժեք պահանջ, որը պետք է համապատասխանեցնել միջազգային արդյունավետ փորձին՝ բարձրացնելով տրամադրվող ծառայությունների որակն ու պահանջարկը։
Doing Digital Forum 2023-ի կազմակերպիչներն ու բանախոսներն ավելի քան վստահ են, որ այն կլինի շարունակական հարթակ, կբերի նոր հնարավորություններ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ լծակների լիարժեք և արդյունավետ կիրառման համար՝ Հայաստանը դարձնելով թվային բարեփոխումների և նորարարական տեխնոլոգիաների հաջողակ տարածք։