07/04/2023 21:22
Գունային տեսողության խանգարումներ՝ գունակուրություն. Ինչպե՞ս է ազդում կյանքի որակի վրա
Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունը մի վիճակ է, երբ մարդը դժվարանում է տարբերակել գույներն այնպես, ինչպես այլ մարդիկ:
Սա տարածված երևույթ է, որը հեշտ է ախտորոշվում: Բնածին գունակուրությունը բուժում չունի: Գունային տեսողության խանգարումները կարող են այս կամ այն չափով ազդել առօրյա գործունեության վրա:
Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Այն իրականանում է աչքի ցանցաթաղանթի բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, իսկ դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից մեկը՝ կարմիր, կանաչ և մանուշակագույն: Մնացած գույներն ու երանգները ստացվում են այդ գույների միախառնումից։
Խնդիրն ավելի հաճախ բնածին խանգարում, հայտնի «դալթոնիզմ» անվանմամբ, սակայն կարող է զարգանալ նաև գլխուղեղի կամ աչքերի վնասումից կամ ախտահարումից:
Դալթոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, իսկ աղջկա միջոցով՝ թոռանը։ Ընդ որում, աղջիկա մոտ այդ արատը չի դրսևորովում, այլ հանդես է գալիս որպես մուտանտ գենի կրող, որը նրա որդու մոտ գունային տեսողության խանգարման պատճառ կարող է դառնալ։
Տարբերում են գունակուրության երեք տեսակ: Ընդ որում, յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել։
Կարմիր-կանաչ գունակուրություն. գունակուրության ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը սովորաբար բնածին է և գլխավորապես հանդիպում է տղամարդկանց մոտ: Նման դեպքերում մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կարմիր գույնը տարբերակել կանաչից:
Կապույտ-դեղին գունակուրություն. նախորդից ավելի հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կապույտ գույնը տարբերակել դեղինից:
Ամբողջական գունակուրություն. գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է լրիվ գունակուրություն (մոնոխրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով։ Սա խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է:
Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունն ախտորոշվում է ակնաբույժի կողմից՝ գունային տեսողության ստուգման միջոցով: Այս նպատակի համար օգտագործվում են պատկերազարդ հատուկ քարտեր, որոնց վրա կան գունավորված կլոր դաշտեր:
Գունային տեսողության ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը, սակայն բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան:
Դալթոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն է ստանում կյանքի փորձը, առարկայի իսկական գույնն իմանալը։ Ուստի, դալթոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին հաճախ առաջին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո։
Շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալումը կարող է առօրյա կյանքում առաջացնել որոշակի խնդիրներ:
Տեսողական կուրությամբ երեխաները հավանաբար օգնության կարիք կզգան, քանի որ կրթական նյութերը հաճախ ներկայացվում են գունային պատկերազարդմամբ:
Այս վիճակը դժվարություն կարող է ստեղծել կամ անհնարին դարձնել մասնագիտական որոշ աշխատանքների կատարումը, օրինակ՝ վարորդություն, գրաֆիկական դիզայներություն և այլն:
Եթե առկա է գույները միմյանցից տարբերակելու խնդիր, ապա անհրաժեշտ է դիմել բժշկին և նրա խորհրդով՝ ակնաբույժին: Նրանք կարող են օգտակար խորհուրդներ տալ այն մասին, թե ինչպես պետք է հարմարեցնել առօրյա կյանքը ստեղծված իրավիճակին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։