07/04/2023 11:01
Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ներկայացված բանաձևը ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։
ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։
Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։