07/04/2023 13:30
Առողջության պահպանման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի բարձրացման ցուցանիշ
Ապրիլի 7-ը ողջ աշխարհում նշվում է որպես առողջության միջազգային օր։ Յուրաքանչյուր ոք ունի իր առողջությունը պահպանելու, բժշկական օգնություն ստանալու և կանխարգելիչ բժշկության հասանելիության իրավունք և հնարավորություն։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մեր մոլորակի բնակիչների 30%-ը բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի։ Մոտ երկու միլիարդ մարդ չի կարող վճարել բժշկական օգնության ծախսերը։ Գրեթե 12 միլիոն մարդ մահանում է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունից, իսկ 2 միլիոնը՝ անորակ ջրի օգտագործումից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրների կառավարություններին և համաշխարհային բժշկական հանրությանը կոչ է անում միավորել ուժերը և պայմաններ ստեղծել բոլոր մարդկանց որակյալ և առողջ կյանքի համար։
Հանրային առողջության ինստիտուտի մասնագետներն հիշեցնում են, որ մարդու առողջության պահպանման համար առաջնային նշանակություն ունեն ճիշտ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վատ սովորությունների բացակայությունը, կայուն հուզական վիճակի պահպանումը և պատվաստումը։ Պատվաստումը առողջ ապրելակերպի և ընդհանուր մարդկային մշակույթի տարրերից է։
Պատվաստումների շնորհիվ մենք կարող ենք կանխել ավելի քան 50 վարակ, այդ թվում՝ մի շարք ուռուցքաբանական և սոմատիկ հիվանդություններ։ Պատվաստումը թույլ է տալիս ամեն րոպե փրկել աշխարհում հինգ մարդու կյանք: Տարեկան՝ մինչև երեք միլիոն: Միայն անցած հարյուրամյակի ընթացքում այս ընթացակարգի շնորհիվ կյանքի տևողությունը ավելացել է քառորդ դարով։
Գիտնականների գործունեության ոլորտում կարևորվում են մի շարք գործոնների առկայությունը՝ առողջության և կյանքի որակի վրա ազդող անբարենպաստ գործոնների գնահատում, երկրում և աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկերի ուսումնասիրություն, առողջության պահպանման մեթոդների և տեխնոլոգիաների մշակում, պատվաստումների նկատմամբ բնակչության նվիրվածության բարձրացում։
Բայց պետք է հասկանալ նաև մի կարևոր փաստ ևս. մենք ինքներս չպետք է անտարբեր մնանք սեփական առողջության պահպանման հարցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրակացության համաձայն՝ մարդու առողջությունը 20%-ով կախված է ժառանգականությունից, 20%-ով՝ արտաքին միջավայրից, 10%-ով՝ որակյալ առողջապահությունից, և 50%-ով՝ մեր ընտրությունից և ապրելակերպից։