07/04/2023 20:55
Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր մեծ պատմուճանը՝ մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, արժանապատվությունը կիսելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն է․ 30 արծաթ՝ շատ նման 29 800-ի (Տեսանյութ)
Ավագ Ուրբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելության և թաղման օրն է։ Եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ։
«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24):
Քրիստոս Իր մահով մերցրեց մեր մեղքերը և հաշտեցրեց մեզ Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից»:
Այսօր Խաչելության կարգ է մատուցվել նաև Տավուշի թեմում՝ Իջևանում։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը պատգամ է հղել՝ հավատացյալներին հիշեցնելով խաչի վրա բարձրացված Քրիստոսի կյանքի վերջին ժամերը․
ինչպես այդ ժամանակ էին խաչի շուրջ հավաքված մարդիկ պարզապես դիտում, թե ինչ է տեղի ունենում, այնպես էլ այսօր են դիտում, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը, և հետո միայն հասկացան՝ ինչ գործեցին։
«Սա այն օրերին տեղի ունեցած ու մինչև այսօր չվերջացող ճշմարտության պատմություն է։ Նույնը մեր կյանքն է՝ ․․․ մեր իրավիճակի գնահատումը այդ պատկերից ոչ մի բանով չի տարբերվում՝ նույն հարվածները, նույն ծաղրանքը, նույն վիճակ նետելը մեր կյանքի վրա, նույն պարտված, վերջացած լինելու վերաբերմունքը, այդ վերաբերմունքից ծնված վախը, փախստականի հոգեվիճակը, յուրաքանչյուրը միայն ինքն իր կյանքի մասին հոգալը, ընդհանրական կյանքը չտեսնելը կամ չուզենալը այն տեսնել, որովհետև թվում է, թե ամեն ինչ ավարտված է։
Բայց մի՞թե այդ խաչի վրա ավարտվեց ամեն բան, մի՞թե այդ ամբողջ իրադարձությունների գագաթը եղող հաղթանակի և հարության խոստումը որպես ճանապարհի ուղեցույց ու վերջին հանգրվան չի՞ դառնալու մեզ համար․․․
Եթե մենք ընդունելու ենք դառնությունը, հասկանալու ենք այդ դառնության խորքերը, ճանաչելու ենք այն, և այն չենք դարձնելու մեզ համար Հարության և Հաղթանակի ճանապարհ՝ իմաստազրկված և բովանդակազրկված է մեր կյանքի ընթացքը։
Մենք կոչված ենք ընդունելու այդ դառնությունը, ճաշակելու այդ դառնությունը և այն վերածելու հաղթության։
Այլ ճանապարհ չկար մեր Տիրոջ համար, այլ ճանապարհ չկա նաև մեզ համար։
․․․
Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր մեծ պատմուճանը՝ մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, արժանապատվությունը՝ կիսելու, բաժանելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն էր։ 30 ԱՐԾԱԹ, ՇԱՏ ՆՄԱՆ 29 800-Ի»։