07/04/2023 17:58
Համայն հայությունը պարտավո՛ր է տեր կանգնել ամբողջական Հայաստանի հանդեպ իր պարտավորություններին․ ՀՅԴ ԳՄ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակ
ՀՅԴ ԳՄ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագծին։ Կառույցի տարածած հայտարարության մեջ նշված է․
«Արցախյան հիմնահարցից և ՀՀ նոր տարածքներ թշնամուն նվիրելուց ուշադրություն շեղելու ձախող փորձի մասին․
Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։
Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ալեն Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևէ մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումից):
Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի:
Սակայն ի գիտություն Ալեն Սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից).
- Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ հայրենիքը,
- ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր պարտավորություններին,
- Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ կարծիքի հետ,
- Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը:
Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև՝ վիրավոր»,- նշված է ՀՅԴ ԳՄ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի հայտարարությունում: