07/04/2023 14:37
Տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում
Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը։ Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։