07/04/2023 20:17
«Իմ մահը քաղաքական քաոս կառաջացնի Վրաստանում»․ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մահանում է անազատության մեջ։ Սահակաշվիլին այդ մասին գրել է իր հոդվածում, որը հրապարակել է Politico պարբերականը։
«Երբ 2021-ի հոկտեմբերին, 8 տարվա դեգերումներից հետո վերադարձա Վրաստան՝ աջակցելու ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններին, ես առողջ, էներգիայով լի 54-ամյա տղամարդ էի։ Այնուհետև ես անմիջապես ձերբակալվեցի վրացական իշխանությունների կողմից ու անազատության մեջ հայտնվեցի։ Այդ ժամանակվանից ի վեր, անազատության մեջ իմ առողջությունն զգալիորեն վատացավ, իսկ այժմ ես մեռնում եմ»,- գրել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ տառապում է 20-ից ավելի լուրջ հիվանդություններով, որոնք ձեռք է բերել բանտում։
Սահակաշվիլին իր հոդվածում նշել է նաև, որ իր մահը Վրաստանում «քաղաքական քաոս» կառաջացնի, իսկ Ռուսաստանում կընդունվի որպես «հաղթանակ»։ Սահակաշվիլին Ռուսաստանին է մեղադրել իր այսօրվա առողջական վիճակի համար, իսկ ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը հորդորել է «անել հնարավորը իր կյանքը փրկելու համար՝ դիվանագիտական ճնշում գործադրելով Վրաստանի կառավարության վրա»։