07/04/2023 17:36
«Իրավունք չունենք միջազգային կառույցներից ինչ-որ բան պահանջելու, եթե ինքներս պահանջատեր չենք»․ Արցախցի կանայք խաղաղ ակցիա են կազմակերպել
Ապրիլի 7-ին, «Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, այնուհետև քայլերթով շարժվել դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս:
«Արցախի մայրիկների ակումբի»-ի համակարգող Մարիամ Աբրահամյանը ասել է, որ արցախցի կանայք ակցիայի միջոցով ուղերձ են հղում միջազգային հանրությանը, որն ամիսներ շարունակվող այս շրջափակման ընթացքում գործնականորեն չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այլ բավարարվել է կոչերով և մտահոգություններով:
«Ուզում ենք, որ այն միջազգային կառույցները, որոնք ստեղծված են իրականում երեխաների ու կանանց իրավունքները պաշտպանելու համար, ի վերջո կրեն ոչ միայն ֆորմալ բնույթ, այլև գործով ապացուցեն, որ համապատասխանում են իրենց կոչմանը: Միևնույն ժամանակ մենք իրավունք չունենք իրենցից ինչ-որ բան պահանջելու, եթե մենք ինքներս պահանջատեր չենք: Չնայած այս անորոշ վիճակին, ինչ վերջաբան էլ այս պայքարն ունենա, մենք շարունակելու ենք մեր գործը՝ մղելով մեր բաժին պայքարը»,-նշել է Մարիամ Աբրահամյանը:
Ակցիայի մասնակից Քրիստինե Բալայանը համոզմունք է հայտնել, որ արցախցի կանանց ձայնը լսելի կդառնա աշխարհին:
«Այսօր բոլորը տեսնում են, որ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքը՝ փակ, որն ագրեսոր Ալիևի ձեռքի գործն է: Մենք ունենք կյանքի ու ինքնորոշման իրավունք և աշխարհը, միջազգային հանրությունը, որ այսօր ամենուր խոսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, պարտավոր է լսել մեզ: Միջազգային հանրության անդամները պարտավոր են ձեռք մեկնել մեկը մյուսին, որովհետև կյանքը բումերանգ , է և եթե այսօր մեկը մյուսին կողքին չկանգնի, ապա վաղը յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նման իրավիճակում և մեն-մենակ մնալ»,-ընդգծել է Քրիստինե Բալայանը:
Ակցիան ամփոփվել է Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներով: