07/04/2023 10:38
Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական հայրենիք ունենալու վեհ նպատակի համար. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել ապրիլի 7-ի կապակցությամբ։
«Մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում:
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի: Ես համոզված եմ, որ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու հայրենիքը, ինչպես իրենց զավակներին, ովքեր մեծ գործերով աշխարհին պատմել ու շարունակելու են ներկայացնել Բիբլիական Երկիրը…
Հավե՛րժ փառք մեր ժողովրդի ազատության ու անկախության համար բոլոր ժամանակներում մարտնչած նվիրյալներին: Խոնարհումս մեր սուրբ նահատակների հերոս մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի ոգու ամրությանն ու կամքի անչափելի ուժին…
Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը»,- ասվում է ուղերձում։