07/04/2023 10:14
«Հրապարակ». Դատարանը Լենա Նազարյանի արդարացումը, թե «իդիոտ» նշանակում է «մեկուսացած մարդ», հիմք չի ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրել։ Նա 2021 թվականին Թագուհի Թովմասյանին ԱԺ դահլիճում անվանել էր «իդիոտկա», ինչի համար Թովմասյանը դիմել էր դատարան՝ վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։
Դատարանում Լենա Նազարյանն արդարացել է, թե «իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված մարդ», սակայն դատարանն այս ստուգաբանությունը հիմք չի ընդունել և նրան պարտավորեցրել է հրապարակային կերպով ներողություն խնդրել հետևյալ տեքստով․ «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։
Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Լենա Նազարյանը, թե՛ Թագուհի Թովմասյանը, վերաքննիչ դատարանը Նազարյանի բողոքը մերժել է, իսկ Թագուհի Թովմասյանի բողոքը բավարարել մասնակի ու «ներողությունից» բացի, հօգուտ Թագուհի Թովմասյանի, Նազարյանին պարտավորեցրել է վճարել 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Մենք տեղեկացանք, որ Լ. Նազարյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում»։