07/04/2023 12:14
Գնել Սանոսյանը հանդիպել է Վերին Լարսի անցակետում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
Նախարարը, պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։
Նախարարը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։
Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։
Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։
Քննարկվել են բեռնատարների անցման գործընթացը դյուրացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։